Բնակարանի գների բարձրացման 2-3 պատճառ ենք մենք մատնանշում։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

«Բնականաբար, առաջնայինը եւ շոշափելին անցած տարվա փոփոխություններն են, որոնք հանրության եւ բիզնեսի շրջանում սպասումներ են առաջացրել, ինչը ազդել է պահանջարկի վրա։ 2-րդը՝ հիփոթեքի շուկայի ակտիվացումն է, մենք այժմ ունենք միջինը 6.5 տոկոադրույքով հիփոթեքային վարկեր։ 3-րդը՝ կոռուպցիոն սխեմաների վերացման արդյունքում շատ հեշտ է շինարարական գործունեություն ծավալելը, ուստի մի շարք փոքր եւ միջին կառուցապատողներ, որոնք նախկինում թույլտվության խնդիր ունեին, հիմա շատ ավելի հեշտացել է եւ նոր խաղացողներ են առաջ եկել»,–նշեց նա։

Դիտարկմանը, որ փորձագետները 2007-2008 թվականի պես բնակարանների կտրուկ աճ են կանխատեսում, Սարհատ Պետրոսյանը ասաց. «Մենք դեռեւս շատ հեռու ենք 2007-2008 թվականների վիճակից, երբ շոշափելի աճ է գրանցվել բնակարանի գների առումով, նաեւ ենթադրում եմ՝ կային բավականին ֆինանսական հոսքեր, այս դեպքում հաշվի առնելով ներկա կարգավորումները, կարծում եմ, դժվար այդ վիճակում հայտնվենք»։

Կենտրոնում բնակարանների չարդարացված գների մասով նա նշեց, որ այդպիսի հայտարարություն ինքը չի արել, քանի որ շուկան է որոշում գինը. «Բայց նախկինում մենք ունեինք շենքեր, որտեղ այս կամ այն պաշտոնյայի հարեւանը լինելու համար կարող էին թանկ լինել, հիմա նման բան չկա, հիմա շուկան ամբողջությամբ ցույց է տալիս իր կարողությունն ու հնարավորությունը»։