Մայիսի վերջին Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված հարցում նախնական պատկերը հստակ կլինի։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ըստ նախնական պայմանավորվածության Քննչական կոմիտեին է հանձնվելու մայիսի վերջին հիդրոերկրաբանական  հետազոտության նախնական արդյունքները։ Մայիսի վերջին  նախնական պատկերը հստակ կլինի։ Ըստ այդ հետազոտության արդյունքների էլ կառավարությունը կշարժվի, այսինքն քրեական գործը իր հանգուցալուծումը կունենա, կառավարությունն էլ իր դիրքորոշումը կհայտնի»,–նշեց նա։

Տիգրան Ավինյանը հավաստիացրեց, որ «Լիդիան Արմենիայի» նկատմամբ խտրական վերաբերմունք չկա. «Տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա եւ չի կարող լինել, եթե բնապահպանական խնդիրներ չի առաջացնում, կամ այն խնդիրները, որոնք առաջացնում են, ընկերության կողմից վերահսկելի են, եւ մեր համար վերահսկելի են, տնտեսվարողը կշարունակի իր գործունեությունը»։

Հարցին՝ Ամուլսարի հետ կապված իրավիճակը չի ազդում ներդրողների տրամադրվածության վրա եւ խնդիրներ չի առաջացնում, նա պատասխանեց. «Ինձ թվում է՝ ՀՀ կառավարությունը առաջին հերթին առաջնորդվում է ՀՀ ժողովրդի շահերով, բոլոր ռիսկերը, որոնք պոտենցիալ առկա են, մեզ համար բացահայտված չեն եւ հույս ունենք, որ հիդրոերկրաբանական  հետազոտությունը այդ ռիսկերի պատասխանը տալու է»։

Հարցին՝  բնապահպանները եթե էլի դեմ լինեն, Ավինյանն ասաց. «Կլինեն խմբեր, որոնց կլինեն դեմ, յուրաքանչյուր որոշում իր հետեւանքներն  ունենալու են»։