Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) եւ Beeline-ը ինտելեկտուալ անակնկալ են պատրաստել երեխաների եւ պատանիների համար: Երկու գործընկերների տեւական համագործակցության հերթական պտուղը «Ստեղծիր քո շրջայցը» առցանց ճանաչողական հարթակն է, որը մայիսի 18-ից հասանելի կլինի Կենտրոնի պաշտոնական կայքում:

Այս կրթական նախաձեռնության նպատակն է կազմակերպել երեխաների եւ դեռահասների ինտելեկտուալ ժամանցը՝ առնչակից դարձնելով նրանց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրված արվեստանմուշներին: «Ստեղծիր քո շրջայց»-ում զետեղված առաջադրանքները խթանում են մասնակիցների վերլուծական մտածողությունը, ստեղծագործական ներուժն ու երեւակայությունը: Ընդ որում, հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է անձամբ այցելել Գաֆէսճեան արվեստի կենտրոն եւ տեղում կատարել առաջադրանքները:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր տարաբնույթ նախագծերի օգնությամբ  վաղուց կոտրել է այն կարծրատիպը, որ թանգարան պետք է այցելել պասիվ դիտորդի կարգավիճակով: Այդպիսի նախագծերից մեկն էլ «Ստեղծիր քո շրջայցը» նորաստեղծ հարթակն է: Առաջադրանքների ինտերակտիվ բնույթը երեխաների համար ապահովում է ակտիվ մասնակցային միջավայր, որում նրանք ոչ միայն զուտ դիտում են արվեստի նմուշները, այլեւ վերարտադրում եւ վերաիմաստավորում իրենց տեսածը: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն ենք հայտնում մեր հավատարիմ գործընկերոջը՝ Beeline-ին, որի աջակցության շնորհիվ հնարավոր եղավ կյանքի կոչել այս նախաձեռնությունը», - նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանը: 

«Մենք միշտ կողմնակից ենք, որ ժամանակակից կրթությունը լինի հետաքրքիր եւ գրավիչ։ Վստահ եմ, որ դրան հասնելու լավագույն միջոցը նորագույն տեխնոլոգիաներն են։ Այժմ Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելելն ու արվեստի նմուշներին ծանոթանալը երիտասարդների համար կարող է դառնալ անմոռանալի արկած», - նշեց Հայաստանում Beeline-ի PR ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։

Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում Կենտրոնում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ կրթական ծրագրեր: