Այսօր Հայաստանում քննարկումների ամենաթրենդային թեման երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատն է: Մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ էր, որ այս թեման երկրորդ պլան կմղեր ոչ պակաս կարեւոր, նույնիսկ արտաքին քաղաքական բնույթ ունեցող թեմաները: «Այս թեման գործող իշխանության համար առավել առաջնայիններից մեկն է»,- հիշեցրեց Հակոբյանը՝ հավելելով, որ դեռեւս վաղ է դատավարության ընթացքին որեւէ գնահատական տալ:

Քաղտեխնոլոգը կարեւոր համարեց առաջիկայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դատարան ժամանելը, «քանի որ այցը կարող է դատավարությանը նոր քաղաքական երանգներ հաղորդել»: Նա մարդասիրության դրսեւորում համարեց ԼՂՀ նախագահների համատեղ միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին՝ հավելելով, սակայն, որ այս ամենում կարող է լինել լուրջ քաղաքական ենթատեքստ: «Այս համատեքստում ես կարծում եմ, որ դատական նիստերի դահլիճում այսօրվա լսումները կլինեն բավականին հետաքրքիր, քանի որ նույնիսկ հիմա դժվար է կանխատեսել, թե ինչ արձագանք կլինի: Անշուշտ, առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ որոշված է, բայց ես, այդուհանդերձ, կարծում եմ, որ մենք մշտապես պետք է հաշվի առնենք այն փաստը, որ այսպիսի հարցերում նման մակարդակի պաշտոնատար անձանց միջեւ միշտ ինչ-որ պայմանավորվածություններ են լինում: Այսինքն՝ չեմ հավատում, որ 2 նախագահները Երեւան կգային դատական նիստին մասնակցելու, եթե թեկուզ ինչ-որ պայմանավորվածություն չունենային Հայաստանի գործող ղեկավարի հետ»,- նշեց Հակոբյանը:

Ընդ որում՝ փորձագետը նշեց, որ փիառի տեսակետից Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների եւ հակառակորդների ուժերը, հաշվի առնելով դատարանի շենքի առջեւ բողոքի ցույցերի վերլուծությունը, միանգամայն հավասար են, քանի որ ո՛չ մի, ո՛չ մյուս կողմը դույզն-ինչ չի կրում քաղաքական լուրջ բեռ:

Քաղտեխնոլոգը նաեւ բացառեց Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը պետք է Հայաստան վերադառնա Չինաստան ուղեւորությունից: Վիգեն Հակոբյանը համոզված է, որ կողմերն ավելի շուտ կքննարկեն գործողությունների հետագա ծրագիրը եւ խաղի նոր կանոնները: