Իրանը հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններով, քանի որ վերջինս հրաժարվել է միջուկային գործարքից ու վերսկսել Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Kyodo News-ի հետ զրույցում:

«Ոչ, նման հնարավորություն չկա»,- ասել է նա:

Ապրիլին Զարիֆը հայտարարել էր, որ պատրաստ է փոխանակել ԱՄՆ-ում, Գերմանիայում եւ Ավստրալիայում իրանցի բանտարկյալներին Իրանում օտարերկրացի բանտարկյալներով:

Սակայն նա նշել է, որ նման գործարք այլեւս չկա, քանի որ Միացյալ Նահանգները պայմաններ են դրել:

«ԱՄՆ-ը չի կարող Իրանի առջեւ պայմաններ դնել»,- նշել է Զարիֆը:

Բացի այդ, Զարիֆն ԱՄՆ-ին «խուլիգան» է անվանել, որը ճնշում է գործադրում այլ երկրների վրա:

«Պատմության մեջ առաջին անգամ խուլիգանն ասում է մյուսներին՝ «Ես կպատժեմ ձեզ, եթե չանեք այն, ինչ ինձ է դուր գալիս»: Պատկերացնենք, որ խուլիգանը կանգնած է փողոցի մեջտեղում եւ ասում է բոլորին՝ «Եթե չանցնեք կարմիր լույսի տակով, կսպանեմ ձեզ: Սա հենց այն է, ինչ ասում է ԱՄՆ-ը բոլոր երկրներին»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը: