Իրանի դեմ թշնամական գործողությունների շարունակումը «Բ թիմին» կհանգեցնի քաղաքական ինքնասպանության։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյի եւ վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումից հետո, տեղեկացնում է Mehr-ը։

«Բ թիմ» ասելով Զարիֆը նկատի ունի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանին եւ Աբու Դաբիի արքայազն Մոհամեդ բեն Զաիդ ալ Նահայանին։

«Բ թիմը կկատարի (քաղաքական) ինքնասպանություն, եթե շարունակի իր թշնամական գործողությունները։ Ընդունո՞ւմ է արդյոք քաղաքակիրթ աշխարհը ԱՄՆ ռեժիմի ծաղրը նրանց դեմ, ովքեր հետեւել են ՄԱԿ բանաձեւին»,- նշել է Զարիֆը։

Նրա խոսքով՝ Իրանը չի դառնա այն կողմը, որը կսկսի թեժացնել լարվածությունը, բայց «կպաշտպանի իրեն եւ կպատասխանի իր ազգային անվտանգության ցանկացած սպառնալիքի»։

Նա իր այցը Ճապոնիա բնութագրել է որպես լավ հնարավորություն քննարկելու լարված իրավիճակը։ Զարիֆը տեղեկացրել է, որ քննարկել է Կոնոյի հետ լարվածության հետագա խորացման կանխման ուղիները եւ միջազգային հանրության գործողությունները միջուկային համաձայնագրի փրկության ուղղությամբ։

Նա Ճապոնիան կարեւոր տնտեսական գործընկեր է անվանել եւ կոչ արել Տոկիոյին դրական դեր կատարել։ Զարիֆը հույս է հայտնել, որ ճապոնական ընկերությունները կպահեն իրենց գործնական կապերն Իրանի հետ։