50.000 աշխատատեղ Հայաստանում չի ստեղծվել, անգամ ստվերից դուրս չի եկել: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում արած հայտարարությանը, թե Հայաստանում ստեղծվել է 50.000 աշխատատեղ:

«Հայաստանի նկատմամբ արտաքին և ներքին քաղաքական վտանգների առկայությունն օրեցօր ավելի երևացող է դառնում: Դա իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավարի քաղաքական դալտոնիզմի արդյունքն է, երբ որ հասարակությունն ու քաղաքական դաշտն ամբողջովին տեղավորելով սևերի ու սպիտակների միջև՝ ոչ միայն խորը անջրպետ կառուցեց հասարակության ներսում, այլև իր գործիքակազմով ստիպեց նախկին ռևանշիստներին համախմբվել և պայքարի մեջ մտնել հայաստանյան նոր իրողությունների, արժեքների դեմ»,- ասաց կուսակցության նախագահը՝ հավելելով, որ ըստ վիճակագրական տվյալների՝ մայիսին, երբ հեղափոխությունը հաղթեց Հայաստանում, երկրում կար 540.000 գրանցված աշխատատեղ, և նոր իշխանության օրոք այդ թիվը բարձրացել է 20.000-ով, և ընդ րում՝ Գրիգորյանի կարծիքով՝ դա թվային մանիպուլյացիա է.

«Դա հին գործիքակազմ էր, որից օգտվում էր նախկին իշխանությունը: Մեզ անընդհատ հրամցնում էին ինչ-որ վիճակագրական տվյալներ, որ մենք լավ ենք ապրում, սակայն ՀՀ քաղաքացին դա չէր զգում»,- ասաց նա:

Գրիգորյանն ընդգծեց նաեւ, որ Փաշինյանը պետք է ներկայացներ միայն հետհեղափոխական տվյալները եւ ոչ թե ամբողջ 2018-ը, որի առաջին 3 ամիսներին Հանրապետականն էր իշխանության։