Հայաստանն ունի հինգ գեներալ-գնդապետ, որոնցից երեքը ներգրավված են «Մարտի մեկի» գործում։ Այս մասին քիչ առաջ դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ի դեպ՝ այս մեղադրանքի մեջ միայն ես չեմ, նաև մեր բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցող մարդիկ են։ Նրանց կարելի է մատերի վրա հաշվել, եթե սա համարում եք նորմալ, համարեք։ Մենք ունենք ընդամենը հինգ գեներալ-գնդապետ, որից մեկը մահացել է. չորսը կան. նրանցից երեքը ներգրավված է Մարտի մեկի գործում»,– հայտարարեց երկրորդ նախագահը։

Նշենք, որ մահացած գեներալ գնդապետը Գուրգեն Դալիբալթայանն է, որը ժամանակին զբաղեցրել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնը։ «Մարտի մեկի» գործին առնչվում են պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Նրանք բոլորն էլ ունեն գեներալ-գնդապետի կոչում։

Ի դեպ՝ ներկայումս Հայաստանում 8 գեներալ է քրեական հետապնդման ենթարկվում, ընդ որում 4-ը՝ ԶՈՒ գեներալներ։

Տարբեր քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող գեներալներից միայն մեկն է գտնվում կալանքի տակ, երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, մեկի նկատմամբ՝ գրավը, իսկ գեներալներից երեքն էլ այժմ գտնվում են հետախուզման մեջ։