2008 թվականի փետրվարի 27-ին սկսեցի զեկույցներ ստանալ Ազգային անվտանգության ծառայությունից, որ հուսահատություն է տիրում Ազատության հրապարակում, եւ դա կարող է անցանկալի զարգացումների բերել։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում 2008 թվականի Մարտի 1-ի և դրան նախորդած իրադարձությունների մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ամսի 27-ին հայտարարվեց, որ ընտրություններին երրորդ տեղը զբաղեցրած «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը միանում է կոալիցիային, սրանից հետո ուղղակի ես սկսեցի զեկույցներ ստանալ ԱԱԾ–ից, որ հուսահատություն է տիրում Ազատության հրապարակում, եւ սա կարող է անցանկալի զարգացումների բերել։ Ասվում էր, թե իբր ԵԿՄ-ից Մանվել Գրիգորյանը թողեց-գնաց, բայց բոլոր այն մարդիկ, որոնք ամսի 23-ին ուզում էին կառույցը ներքաշել քաղաքական գործընթացներում, այդ մարդիկ շարունակել են իրենց գործը, եւ ամեն օր դրա մասին ինձ զեկուցում էին։ Սակայն բանակը զորանոցային վիճակի բերելը եւ այն քայլերը, որ ՊՆ-ն ձեռնարկել է, որոշակի պատնեշ էին այս գործունեության համար։ Դրանից հետո ԱԱԾ ղեկավարի կողմից զեկույցներ էի ստանում, որ հնարավոր են պրովոկացիաներ։ Երեք մասի էր բաժանում հնարավոր պրովոկացիաները՝ առաջինը՝ բավական զինված մարդիկ կան տեղում, գիշերները ցուրտ էր, 2 գործարար խմիչք էին սպասարկում, բավականին հարբած մարդիկ էին լինում գիշերը, պատահական որեւէ բան վերագրվելու էր հատուկ ծառայություններին, եւ մենք դրա տակից դուրս չենք գա։ Երկորդը՝ մենք վերջիվերջո պատերազմական վիճակում ենք եւ կարող էր ներքաղաքական ճգնաժամ հրահրելու նպատակով սանձազերծվեին գործողություններ Հայաստանի դեմ։ Երրորդը՝ հուսահատությունը ցուցարարների մեջ կարող էր բերել նրան, որ որոշ խմբեր հրահրեին իրավիճակը»,- նշեց նա։

Քոչարյանի խոսքով՝ վերահիշյալ մտահոգություններից ելնելով ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը նամակ է ուղարկել ոստիկանապետին, իսկ ինքն ավելի ուշ սկսել է մտածել արտակարգ դրություն մտցնելու մասին. «Այս մտահոգություններից ելնելով ինքը նամակ ուղարկեց ոստիկանություն, եւ նամակն ուղարկելուց հետո ինձ ասաց, որ ինքը այդպիսի նամակ է ուղարկել ոստիկանապետին։ Չկա ոստիկանապետ, որը նման նամակ ստանալուց հետո միջոցներ չձեռնարկեր։ Ընդհարման մասին ես իմացել եմ ժամը մոտ 9-ին, աշխատանքի գալուց իմ անվտանգության ծառայության աշխատողն ասաց, որ ին-որ ընդհարում է եղել, եւ անմիջապես առավոտյան ժամը 9-ին ես փորձեցի պարզել՝ ինչ է եղել։ Առաջին միտքը, որ հնարավոր է արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտություն լինի, եղել է օրվա երկրորդ կեսին»։

Քոչարյանի փոխանցմամբ՝ արտակարգ դրության մասին հրամանադիրը ինքը ստորագրել է այն ժամանակ, երբ արդեն տասնյակ վիրավորներ կային, այդ թվում՝ ծանր վիրավորներ. «Մեքենաներ սկսեցին շուռ տալ, բարիկադներ կառուցել, եւ որոշեցի հանձնարարել հրամանագիր պատրաստել անհրաժեշտության դեպքում ստորագրելու համար։ Հրամանգրի տեքստը պատրաստ էր 7-ի կողմերը, 7-ից մինչեւ 10-ը սպասում էի զեկույցների, թե պատրաստ են արդյոք առանց այդ հրամանգրի կարգուկանոն հաստատել, եւ ստորագրել եմ հրամանագիրը, երբ ունեինք տասնյակ վիրավորներ»։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ արդեն 4–րդ օրն է ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վերաբերյալ հարցի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Սակայն նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքն անհիմն է, եւ շինծու գործով իրականացվում է քաղաքական հետապնդում։