Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են հաքերների միջազգային խմբավորման բացահայտման մասին, որն ավելի քան 100 մլն դոլար է գողացել 40 հազար մարդուց՝ GozNym վնասակար ծրագրի օգնությամբ, հաղորդում է BBC-ը:

Հատուկ գործողություններին մասնակցել են ամերիկացի, բուլղարացի, գերմանացի, վրացի, մոլդովացի եւ ուկրաինացի իրավապահները:

Չարագործները GozNym վնասակար ծրագրի միջոցով հասանելիություն են ստացել օնլայն բանկերում տուժածների գաղտնաբառերին:

Խմբի անդամները հավաքագրել են համացանցում համապատասխան «ծառայություններ» գովազդող անձանց: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել են Եվրոպոլի շտաբ-բնակարանում:

Խմբավորման 10 անդամների նկատմամբ մի քանի հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել ԱՄՆ-ում, ներառյալ՝ գողություն, փողերի լվացում ամերիկյան եւ արտասահմանյան բանկային հաշիվներով: Նրանց թվում ՌԴ 5 քաղաքացի կա:

Խմբավորման առաջնորդին եւ նրա օգնականին մեղադրանք է առաջադրվել Վրաստանում, եւս մեկ մասնակից պատասխանատու է եղել բանկային հաշիվների գողության համար: Նրան ԱՄՆ-ից արտահանձնել են Բուլղարիային:

Մեկ այլ անդամի մեղադրանք է առաջադրվել Մոլդովայում:

Գերմանիայի դատախազությունը փողերի լվացման համար մեղադրում է եւս 2-ին:

Խմբավորման զոհերի թվում են ոչ մեծ բիզնեսները, իրավաբանական ընկերությունները, միջազգային կորպորացիաներն ու բարեգործական կազմակերպությունները: