Ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում շորթման փաստով․ հայտնում է Shamshyan.com-ը:

Երեկ՝ մայիսի 15-ին, ոստիկանության Ապարանի բաժին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 12-ին, ժամը 16:00-ի սահմաններում ժամկետային զինծառայող 19-ամյա Գևորգ Սարգսյանին, որը գտնվելիս է եղել կարճաժամկետ արձակուրդի մեջ, Ապարան քաղաքի բնակիչ 39-ամյա Կարեն Եղիազարյանը և նրա եղբայրը՝ Երևան քաղաքի բնակիչ 41-ամյա Հայկ Եղիազարյանը, կանչել են Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Գնթունիկ» սուպերմարկետ, որտեղ ծեծի են ենթարկել և հայտնել, որ նա սուպերմարկետից հափշտակել է 5 մլն 400 հազար դրամ գումար:

Գ. Սարգսյանը հրավիրվել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ հայտնել է, որ Կ. Եղիազարյանը իրեն ծեծի է ենթարկել, իսկ Հ. Եղիազարյանը սպառնացել է ու պահանջել, որ կես ժամվա ընթացքում նշված գումարը վերադարձնի: Կ. և Հ. Եզիազարյանները իրեն սպառնացել են նաև, որ եթե այդ մասին նա որևէ մեկին հայտնի, այդ թվում՝ ոստիկանությանը, ապա ինքն է դատվելու:

Նույն օրը երեկոյան Ապարանի բնակիչ 18-ամյա Փ. Թ.-ն զանգահարել է Ապարան քաղաքի «Գնթունիկ» սուպերմարկետի մենեջեր, 25-ամյա Տիգրան Հարությունյանին և հրավիրել սուպերմարկետ, որտեղ Հ. և Կ. Եղիազարյանները նորից պնդել են, որ սուպերմարկետի դրամարկղից պակասում է նշված գումարը, որից հետո, ըստ ահազանգողի, Հ. և Կ. Եղիազարյանները ծեծի են ենթարկել Գ. Սարգսյանին՝ պահանջելով, որ գումարը վերադարձնի:

Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ Կ. Եղիազարյանը Ապարանի քաղաքապետն է: