ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի խնդիրները («Երեւանի քիմիա-դեղագործական ֆիրմա», «Էսկո ֆարմ», «Թի-ֆարմա», «Լիկվոր», «Մեդիկալ Հորիզոն», «Տոնուս-լես», «Թուֆենքչի գրուպ», «Ֆարմատեք»)։

Դեղ արտադրողները ներկայացրել են միջազգային GMP` պատշաճ արտադրական գործունեության չափանիշներին համապատասխանելու հավաստագրի ստացման հետ կապված խնդիրները։

Ի թիվս ոլորտի այլ խնդրահարույց հարցերի՝ քննարկվել են դեղերի գրանցման, վերագրանցման եւ դրանց վճարների հետ կապված խնդիրները։

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարն ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է նախորդ տարվա ընթացքում գրանցված արտադրության եւ արտահանման ծավալները եւ դինամիկան, դրանց նպաստող կամ խոչընդոտող պատճառները։

Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաեւ արտահանման եւ մարքեթինգի հետ կապված որոշ խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «ՀՀ դեղ արտադրողների միությունը» կներկայացնի խնդիրների եւ առաջարկությունների ամփոփաթերթ։

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ խնդիրները կդասակարգվեն ըստ կարգավորման առաջնահերթության եւ ոլորտի ներկայացուցիչները պարբերաբար կտեղեկացվեն դրանց լուծման առաջընթացի վերաբերյալ։

Դեղ արտադրողները շնորհակալություն են հայտնել քննարկման եւ նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։