Միջազգային հանրությունը պետք է միջամտի միջուկային համաձայնագիրը փրկելու համար, Պեկին ժամանելով՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է Mehr-ը: 

Նրա խոսքով՝ Իրանը «առավելագույն զսպվածություն է դրսեւորում, չնայած անցյալ տարվա մայիսին համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն: Նա նշել է, որ գործարքը փրկելու համար միջազգային հանրությունը պետք է ռեալ ջանքեր գործադրի համաձայնագրի շրջանակում Իրանի շահերի իրականացման համար, այլ ոչ թե սահմանափակվի հայտարարություններով:

Զարիֆը նախատեսում է «երկկողմ խորհրդակցությունների» շրջանակում հանդիպել Չինաստանի բարձրաստիճան անձանց հետ, այդ թվում՝ երկրի ԱԳ նախարար Վան Իի՝ փոխհամագործակցության ծավալների ընդլայնման նպատակով: Նա նաեւ կքննարկի տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, այդ թվում՝ միջուկային գործարքը եւ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները:

Չինաստանը Իրանի հետ միջուկային գործարքի մնացյալ 5 կողմերից մեկն է, բացի Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Ռուսաստանից: Չինաստանը նաեւ իրանական հում նավթի խոշոր ներմուծող է եւ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ:

Զարիֆը հույս է հայտնել, որ Չինաստանը կմերժի ԱՄՆ պատժամիջոցները: