Հայաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պահպանվում է։ Այս մասին մայիսի 17-ին Երեւանի Հաղթանակի այգում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի Պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի փոխնախագահ Սերգեյ Արենինը։

Նա նշել է, որ Երեւան եկած պատվիրակությունն այցի շրջանակում քննարկել է միջխորհրդարանական համագործակցության մի շարք հարցեր։ «Կարծում եմ, որ մեզ հաջողվեց հանել որոշ պատնեշներ, ավելի ճիշտ՝ սինքրոնացնել մեր օրենսդրական նորմերը համագործակցության շրջանակում։ Հանդիպումներն անցան նորմալ, դրական հունով»,- ընդգծել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի կողմից սպառազինությունների գնման եւ մատակարարումների գործընթացը, Սերգեյ Արենինը պարզաբանեց, որ այդ ամենով երկու երկրներում զբաղվում է գործադիր իշխանությունը։ «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում մեր ռազմակայանի հարցերը։ Զինծառայողների ապահովման հարցերը, սոցիալական խնդիրները»,- ամփոփել է ռուսաստանցի սենատորը։

Նշենք, որ պատվիրակությունը՝ Սերգեյ Արենինի գլխավորությամբ, Հայաստանի խորհրդարանականների ուղեկցությամբ ծաղիկներ դրեց Խորհրդային Միության հերոս Հովհաննես Բաղրամյանի հուշարձանին եւ Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին տեղի էր ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության խորհրդի պատվիրակության հետ՝ Սերգեյ Արենինի գլխավորությամբ։