Հայաստան է ներկրվել մոտ 800 տոննա կարտոֆիլի սերմացու, որի որակի մասին չեմ ուզում խոսել։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը անդրադառնալով՝ Հայաստանում տիրող սննդամթերքի գնաճին։

Նրա խոսքով սա ուղղակի կապ ունի մշակվող ցանքատարածությունների հետ, որոնց թիվը գնալով նվազում է։

«Անցած տարվա կարտոֆիլը 250–350 դրամ է, իսկ վաղահաս կարտոֆիլը 500 դրամից չի իջնում։ Մենք ունենք տեղեկատվություն, որ ներկրվել է նաեւ Պորտուգալիայից։ Այն դեպքում, երբ Պորտուգալիան այլ երկրներից է սերմացու ձեռք բերում։ Այստեղ խաբեություն կա, բազմիցս ասել եմ, որ հետեւողական է պետք լինել, որպեսզի գյուղացին չխափվի։ Արդյունքում 4000 տոննայի փոխարեն ներկրել ենք 800 տոննա»,– ասաց Բերբերյանը։

Նրա խոսքով սերմաթարմացումը, որ պետք է արվի, 5 անգամ թերի է կատարվում, արդյունքում էլի կունենանք ցանքատարածքների պակաս, իսկ խանութներում կհայտնվեն արտերկրից ներկրված կարտոֆիլ։

«Արդյունքւմ կունենաք կարտոֆիլի դեֆիցիտ եւ բարձր գներ։ Էլի քաջապանծ «Սիթին» կգնա Բելառուսից աղբը կբերի կլցնի մեր խանութներում»,– ասաց Բերբերյնաը։

Խոսելով թանկացումներից, նա անդրադարձավ նաեւ մսի գնին։

«Կարծես թե մսի գինը նվազել է, բայց երբ համեմատում ենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, մոտ 800 դրամով թանկ է։ Պարզապես սպառումն է պակասել, քանի որ հիմա ժողովուրդը հիմնականում բանջարեղեն է օգտագործում»,– եզրափակեց Բերբերյանը։