Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը հայտարարել է, որ Թբիլիսին պատկանում է... ադրբեջանական մշակույթին: Հայտարարության պատճառ է դարձել Դավիթ Գարեջիի համալիրի հետ կապված իրավիճակը, որը ադրբեջանցիները անվանում են «Կեշիկչիդաղ»:
«Օնլայն» գործակալությունը հաղորդում է, որ «ադրբեջանական ժողովուրդը Հարավային Կովկասի հնագույն էթնոսներից է, այդ թվում` ժամանակակից արեւելյան եւ հարավային Վրաստանի: Ժամանակակից Թբիլիսի քաղաքը, արեւմուտքում գտնվող Աղվանական հարթավայրը եւ հարակից տարածքները ժամանակին ոչ թե Իբերիայի մաս էին, այլ սկզբում գտնվում էին սկյութական սակերի ենթակայության տակ, իսկ հետո Աղվանք պետության սահմաններում»:
«Տարածքը, որին դուք այսօր հավակնում ենք, եղել է Աղվանք պետության մաս, Թբիլիսյան էմիրաթի հող: Թբիլիսյան էմիրաթում, որն ավելի քան 300 տարի գոյություն է ունեցել, ադրբեջանական ազգն իր հնագույն մշակույթն է մտցրել», -նշվում է հայտարարությունում: Տվյալ փաստաթղթի հեղինակները որոշել են դրանով չբավարավել. ինչպես պարզվում է, վրացի թագավոր Դավիթ IV-ը եւ Թամարա թագուհին առանց ադրբեջանցիների չէին կարող որեւէ հաջողության հասնել:
Ավելին՝ ադրբեջանական ակադեմիկոսները Վրաստանի ՆԳ նախկին նախարար, պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլիի եւ Լեյբորիստական կուսակցության ղեկավար Շաքլվա Նատելաշվիլիի այցը տարածաշրջան գնահատել են որպես բարեկամական Ադրբեջանի եւ Վրաստանի հանրապետություններին կռվեցնելու փորձ:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները պարբերաբար հավակնություններ են ներկայացնում Հայաստանի եւ մասնավորապես Երեւանի տարածքի նկատմամբ: