Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք կնքելը թեմա է, որ պետք է քննարկվի: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նշենք, որ օրերս Ստեփանակերտում ՀՅԴ-ն կազմակերպել էր Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք ֆորումը:

Ռուբեն Ռուբինյանի խոսքով, այդ թեմայով որոշ քննարկումներ եղել են. «Տրամաբանությունն այն է, որ այո, դա թեմա է, որը պետք է քննարկվի, սակայն եթե այս առումով պետք է ինչ-որ բան նախաձեռնել, դա պետք է լինի լավ մտածված, ճիշտ ժամանակին, տեղին եւ ճիշտ համատեքստում»:

Դիտարկմանը, թե 2016-ին էլ իշխանությունը հայտարարեց Արցախի հետ համագործակցության հուշագրի ստորագրման մասին, հետո ասվեց, որ պետք է սպասել հարմար պահի, ո՞րն է այդ հարմար պահը, Ռուբինյանը պատասխանեց. «Դուք շատ լայն հարց եք տալիս, որի հնարավոր չէ կոնկրետ օր նշելով պատասխանել: Կա քաղաքական իրավիճակ, կա գլոբալ իրավիճակ, կա իրավիճակ տարածաշրջանային, կա իրավիճակ կապված հակամարտության հետ եւ այլ բազմաթիվ գործոններ»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ հիմա է ՀՅԴ-ն նախաձեռնում նման ֆորում, հաշվի առնելով, որ երկար տարիներ եղել են իշխող կոալիցիայում, Հանձնաժողովի նախագահն ասաց. «Ձեր հարցի միտումը շատ ճիշտ է: Տրամաբանություն կա այդ հարցի ենթատեքստում, թե ինչու իրենց իշխանության եղած ժամանակ դա չեն արել, բայց ես չեմ կարծում, որ դա այդքան կարեւոր հարց է հիմա քննարկելու համար»: