Beeline-ը հայտարարում է 033 կոդով բջջային պրեմիում կարգի հեռախոսահամարների վաճառքի առաջին փուլի անցկացման մասին։ Վաճառքի առաջին փուլը մեկնարկել է այսօր ժամը 12։00-ին եւ կավարտվի մայիսի 22-ին, ժամը 8։59։59-ին։

Առաջին 100 պրեմիում համարները տեղադրված են bid.beeline.am կայքում` ֆիքսված գնով։ Յուրաքանչյուր համար կվաճառվի այն հաճախորդին, ով առաջինը կդիմի այն գնելու համար։ Մայիսի 22-ի առավոտյան առաջին փուլը կավարտվի եւ այն հեռախոսահամարները, որոնք իրենց տերերին չեն գտնի առաջին փուլի ընթացքում, վաճառքի կդրվեն բաց առցանց աճուրդի միջոցով։

Այսօր 033 կոդով հեռախոսահամարների վաճառքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց․«Այս տարվա սկզբում Beeline-ը հայտարարեց, որ բջջային կապի հաճախորդների թիվը գերազանցել է մեկ միլիոնի շեմը։ Ավելի ու ավելի շատ հաճախորդներ Հայաստանում նախընտրում են Beeline-ը, եւ մենք ուրախ ենք բաժանորդներին առաջարկել նոր կոդով հեռախոսահամարներ։ Նշեմ, որ վաճառքները տեղի են ունենում մաքսիմալ թափանցիկ կերպով, եւ նույնիսկ «ամենագեղեցիկ» համարը ցանկացած անձ կարող է գնել։ Այժմ դա կարելի է անել ֆիքսված գնով, որից հետո կմեկնարկի աճուրդը»։