Թուրքիայի կառավարությունը մտադիր է ընդունել մի շարք տնտեսական օրենքներ հունիսին Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններին ընդառաջ, տեղեկացնում է Hurriyet թերթը։ Դրանց թվում է Կենտրոնական բանկի օրինական պահուստների հանձնումը գանձապետարանին։

Ավելի վաղ Reuters-ը տեղեկացրել էր, որ Թուրքիայի ֆինանսների նախարարությունը մշակում է օրինագիծ 40 մլրդ լիրա (6,6 մլրդ դոլար) Կենտրոնական բանկից կառավարության բյուջե փոխանցելու մասին, ինչը փորձ է՝ երկիրը դուրս բերելու ռեցեսիայից եւ օգնելու արժեզրկվող լիրային։

Անցած շաբաթ աղբյուրները տեղեկացրել էին Reuters գործակալությանը, որ թուրքական պետական բանկերը վաճառել են մոտ 4,5 մլրդ դոլար, որպեսզի փոխհատուցեն լիրայի՝ Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունների որոշմամբ առաջ եկած կորուստները։

Hurriyet-ը գրում է, որ չորս օրենսդրական առաջարկություն կներկայացվի խորհրդարան։ Թերթը պնդում է, որ խորհրդարանը կընդունի այդ առաջարկությունները, հետո ուշադրությունը կկենտրոնացնի հունիսի 23-ին Ստամբուլում կրկնակի ընտրությունների վրա։

Վերջին երկու ամիսներին լիրայի վրա նորից ճնշում է գործադրվել, մասամբ ներդրողների անհանգստության պատճառով, որ Կենտրոնական բանկի պահուստները սպառվում են եւ անորոշություն կա Ստամբուլում ընտրությունների հետ կապված։

Օրենսդրական փաթեթը ներառում է փոխառությունների վերակառուցում էներգետիկ սեկտորում, զբոսաշրջային ոլորտի խթանում եւ վճարովի զինծառայություն։ Ակնկալվում է, որ այն կքննարկվի խորհրդարանում հաջորդ շաբաթ։