ԱՄՆ որոշումը՝ դադարեցնել Թուրքիայի հետ արտոնյալ առեւտրի մասին համաձայնագրի գործողությունը, հակասում է Վաշինգտոնի նպատակին՝ 75 մլրդ դոլարի երկկողմանի առեւտրի վերաբերյալ։ Այս մասին ասել է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուհսար Փեքանը, տեղեկացնում է Reuters-ը։

Ընդ որում՝ նա ողջունել է Վաշինգտոնի՝ թուրքական պողպատի ներկրման մաքսատուրքը նվազեցնելու ձգտումը։

«Սակագների իջեցումը 25-ից 50 տոկոսի դրական երեւույթ է, բայց մենք սպասում ենք, որ բոլոր խոչընդոտները երկկողմ առեւտրի համար կվերացվեն»,- գրել է Փեքանը Թվիթերում՝ նշելով, որ այդ տուրքերն անդրադարձել են նաեւ ամերիկյան ընկերությունների վրա։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել մայիսի 17-ից չեղարկել Թուրքիայի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմը, որը գործում էր Արտոնությունների գլխավոր համակարգի շրջանակում։

Բացի այդ, դրանում նշվում է, որ Թրամփը տեղեկացրել է ամերիկյան Կոնգրեսին եւ թուրքական իշխանություններին այդ որոշման մասին դեռեւս մարտի 4-ին։ Նախագահն ընդգծել է, որ վերջին 45 տարում, որոնց ընթացքում Թուրքիան արտոնություններ է ստացել GSP շրջանակում, նրա տնտեսությունն աճել է եւ դիվերսիֆիկացվել։

Անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնը Անկարային սպառնացել է պատասխան միջոցներով ամերիկյան ապրանքների վրա տուրքեր սահմանելու համար։ ԱՄՆ առեւտրային ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Ջեֆրի Ջերիշն ասել է, որ նման որոշման առիթ կարող են հանդիսանալ Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից ապրանքների ներկրման վրա սակագներ դնելը, որոնք վերաբերում են 1,78 մլրդ դոլար ընդհանուր ծավալի ապրանքներին։