Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 17-ին հրավիրել է ԱՀ-ում 2020 թ․-ին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը։

Արցախի պետնախարարի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Գ․ Մարտիրոսյանը համառոտ ներկայացրել է նմանօրինակ հաշվառման կարեւորությունը՝ վկայակոչելով նաեւ միջազգային փորձը, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան խորհրդատվական առաջարկությունը՝ տասը տարին մեկ անգամ իրականացնելու այսպիսի միջոցառում։

Պետական նախարարը ներկաներին հիշեցրել է, որ Արցախում այս ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, ինչը լրացուցիչ կազմակերպվածության եւ պատասխանատվության անհրաժեշտություն է առաջացնում։

Այնուհետեւ Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ այս տարի հաշվառման փորձարկային տարբերակն իրականացվելու է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Ասկերան համայնքներում եւ Մարտունու շրջանի Հերհեր համայնքում, իսկ արդեն 2020 թ․-ին՝ ամբողջ Արցախում։ Պետնախարարը հանձնարարել է ներկաներին, ի մասնավորի՝ Ստեփանակերտի քաղաքապետին եւ շրջանների վարչակազմերի ղեկավարներին, որ տեղերում առավելագույնս աջակցեն հաշվառումն իրականացնող պետական մարմնին՝ ազգային վիճակագրական ծառայությանը։

Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանն իր հերթին՝ որպես նիստի զեկուցող, ներկայացրել է գյուղատնտեսական համատարած հաշվառման անհրաժեշտությունը, էությունը, վիճակագրական բնույթը եւ կազմակերպչական հարցերը։ Ներկայացնելով նաեւ ծրագրային ծախսերի նախահաշիվը՝ Մ․ Մինասյանը նշել է, որ բյուջեն կազմվել է առավելագույնս խնայողաբար՝ դուրս թողնելով այն ծախսերը, որոնց կրճատումն էականորեն չի ազդի վերջնարդյունքի վրա։