Տեղի է ունեցել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը. ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վերահաստատել է հնարավորինս բաց ու թափանցիկ աշխատելու իր դիրքորոշումը եւ առաջարկել խորհրդի անդամներին քննարկել կոռուպցիայի դեմ պայքարին միտված համագործակցելու հնարավորությունները:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ավետիսյանն իր խոսքում նշել է. «Իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում կառույցի բոլոր ստորաբաժանումների, մարզային կենտրոնների աշխատակիցների հետ պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ, խորհրդակցություններ, որոնց շրջանակներում խոսվել է այս արատավոր երեւույթի եւ այն բացառելու մասին:

Կարծում եմ, որ այս հարցում հասարակական սեկտորի աջակցությունն առավել քան կարեւոր է»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:

Հասարակական խորհրդի անդամները ողջունել են նախաձեռնությունը, նշել, որ պատրաստակամ են աջակցելու  այդ կարեւորագույն խնդրի լուծման հարցում: Խոսվել է այն մասին, որ նախ անհրաժեշտ է հստակեցնել մոտեցումներն ու չափորոշիչները, ինչը կոռուպցիոն ռիսկի նվազեցման գործուն քայլ կլինի, ինչպես նաեւ կազմակերպել կանխարգելիչ միջոցառումներ: Գործունեության թափանցիկության ապահովման տեսակետից հնարավոր է համարվել որեւէ հեռուստանընկերության եթերում ներկայանալ կլոր սեղանի կամ այլ ձեւաչափով՝ խնդրահարույց հարցերը հանրայնորեն քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով:

Աշխատավարձի բարձրացումը որպես կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի միջոց խորհրդի անդամերի մեծամասնությունն անընդունելի է համարել՝ նշելով, որ աշխատավարձի չափը երբեւէ մարդուն հետ չի պահել կաշառք վերցնելու գայթակղությունից:

Համաձայն պայմանավորվածության՝ խորհրդի անդամները կներկայացնեն առաջադրված խնդրի կարգավորմանն ուղղված գրավոր առաջարկներ, որոնք կամփոփվեն եւ կքննարկվեն հաջորդ նիստում: