Ես բրիտանական մամուլում կարդացի, որ Բաքուն արգելում է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի հայազգի երկրպագուների մուտքն Ադրբեջան: Մայիսի 17-ին Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանն այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԱԺ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ դիմելով ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանին: Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվեց՝ Հայաստանի ԱԳՆ-ն պատրաստվո՞ւմ է դրան ինչ-որ ձեւով արձագանքել: «Ակնհայտ է, որ սա Ադրբեջանի հերթական ֆաշիստական որոշումն է: Սակայն ինձ այլ բան է հետաքրքրում: Մեր ԱԳՆ-ն սրան գոնե ինչ-որ ձեւով կարձագանքի՞»,- հետաքրքրվեց Աբովյանը:

Հովհաննիսյանը պատասխանեց, որ այս հարցը քննարկվել է Հայ երկրպագուների ֆեդերացիայի անդամների հետ: «Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ կձեռնարկվի, բայց միանշանակ է, որ դեմարշ տեղի կունենա»,- ասաց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Բաքվում տեղի է ունենալու Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը, որին մասնակցելու է նաեւ հայ ֆուտբոլիստ, «Արսենալ» ՖԱ լեգեոներ Հենրիխ Մխիթարյանը: