Ամերիկայում, կյանքի ութերորդ տարում, կարճատեւ հիվանդությունից հետո, սատկել է հանրահայտ մեմ-կատուն՝ Grumpy Cat-ը («Զայրացած կատու»), տեղեկացնում է BBC-ն։

Կատուն հանրահայտ էր դարձել դեռ 2012-ին, այն բանից հետո, երբ ինտերնետում հայտնվեց նրա լուսանկարը, որտեղ նա զայրացած ու նեղացած է թվում։

Իրականում նա ամբողջ կյանքում սխալ կծվածքի (նրա ստորին կզակը առաջ էր մղված) եւ գաճաճության պատճառով է զայրացած թվացել։

Կատվի իսկական անունը Սոուս Թարդար էր, որովհետեւ մորթին ծածկված էր ինչ-որ բծերով, ինչը տերերին հիշեցնում էր հենց այդ սոուսի մասին։

Զայրացած կատուն ապրում էր Արիզոնա նահանգում։

Գրամփի Քեթը հանրահայտ դարձավ այն բանից հետո, երբ փոխեց տիրուհու՝ Թաբաթա Բունդեսենի կյանքը։

Կատուն հայտնվեց գովազդում, եղավ Հոլիվուդում, եւ արդյունքում, եթե հավատանք ինտերնետին, տիրուհին վաստակեց մոտ 100 մլն դոլար։ Ինքը՝ Թաբաթան, ասում է, որ այդ թիվը շատ է բարձրացված, բայց եւ չի նշում Գրամփի Քեթի բոլոր պատկերների ու լուսանկարների հեղինակային իրավունքից իր իրական եկամուտների թիվը։

Անցած տարվա հունվարին Grumpy Cat Limited ընկերությունը, որն իրավունք է տալիս օգտագործել կատվի պատկերը ամենատարբեր ապրանքների արտադրության համար՝ օրացույցներից մինչեւ փափուկ խաղալիքներ ու հագուստ, դատի է տվել ամերիկյան Grenade սուրճի ընկերությանը խոժոռ կատվի պատկերն օգտագործելու պայմանագրի խախտման համար։

Արդյունքում՝ զայրացած կատուն  շահեց 700 հազար դոլար հեղինակային իրավունքի խախտման պատճառով։