Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում՝ հանձնաժողովի կոլիգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն ԵՏՄ-ում ցեմենտի ընդհանուր շուկա ստեղծելու հարցով: Խորհրդակցությանը մասնակցել են անդամ երկրների տեխնիկական կարգավորման ոլորտում իրավասու մարմինների ղեկավարները: «Ըստ խորհրդակցության արդյունքների՝ նշվել են ցեմենտի ընդհանուր շուկայի ստեղծման կոնկրետ քայլերը, որոնք թույլ կտան ԵՏՄ պետություններին ցեմենտի փոխադարձ մատակարարումներն իրականացնել առանց խոչընդոտների»,- շեշտել է Տիգրան Սարգսյանը:

Միության անդամները այս շինանյութի խոշոր արտադրողներ են եւ սպառողներ: Օրինակ՝ Ղազախստանի ցեմենտի արտահանման ծավալը 2018 թվականին փոխադարձ առեւտրում կազմել է 32 մլն դոլար, Բելառուսինը՝ 57,1 մլն դոլար, Ռուսաստանինը՝ 153,1 մլն դոլար: Ընդ որում՝ շուկայի եւ Հանձնաժողովի փորձագետների կարծիքով, մինչեւ շինարարության ոլորտում ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի ընդունումը, անհրաժեշտ է ԵՏՄ պայմանագրով սահմանված տեխնիկական կարգավորման գործող մեխանիզմի միջոցով պայմաններ ստեղծել ցեմենտի ազատ շրջանառության համար:

ՌԴ պետական քարտուղար-արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Վիկտոր Եվտուխովը նշել է, որ Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը պատրաստ է ԵՏՄ այլ երկրներից ցեմենտ արտադրողների համար հնարավորություն ապահովել ուղիղ դիմելու Ռուսաստանի հավաստագրման մարմիններին՝ որպես հայտատուներ նշված արտադրանքի համապատասխանության հավաստագրեր ստանալու համար: Խորհրդակցության մասնակիցներն այս նախաձեռնությանն աջակցել են՝ այն կարեւոր քայլ համարելով ցեմենտի ընդհանուր շուկայի ստեղծման գործում, քանի որ ներկա պահին ՌԴ հավաստագրման մարմիններին դիմելու հնարավորություն ունեն միայն իրավաբանական անձինք, որոնք գրանցված են Ռուսաստանի Դաշնության տարածքում: