Հայաստանը հույս ունի գազի գնի նվազեցման հարցում «Գազպրոմի» հետ համաձայնության հասնել մինչեւ տարեվերջ: Այս մասին ուրբաթ ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես վստահ եմ, որ իրատեսական է [գազի գնի նվազեցումը],- ասել է նա: - Բանը միայն առանձին վերցրած գազի գինը չէ, այս հարցը վերաբերում է ԵՏՄ-ի արդյունավետությանը: Մենք սկզբունքորեն արդեն պայմանավորվածություն ունենք, որ կստեղծվի միասնական էներգետիկ շուկա, մեր առաջարկները համապատասխանում են այս բանակցությունների տրամաբանությանը: Գազի եւ էներգակիրների ոչ խտրական գներն անչափ կարեւոր են ԵՏՄ-ի արդյունավետության համար»: «Ես կցանկանայի այս հարցը լուծել մինչեւ տարեվերջ»,- հավելել է նա:

2019 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմը» Հայաստան մատակարարվող գազը թանկացրել է՝ հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարից հասցնելով մինչեւ 165 դոլարի: