Ես վստահեցնում եմ, որ օրենսդիր եւ գործադիր մարմնի կողմից որեւէ միջամտություն չի կարող լինել դատական մարմնի եւ իրավապահ մարմինների աշխատանքներին: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելուն եւ այդ առնչությամբ ՀՔԾ կայացրած որոշմանը:

Նշենք, որ ՀՔԾ-ն մերժել էր «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումը, որը պահաջնում էր զրկել Ծառուկյանին մանդատից, քանի որ նա զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Մակունցի խոսքով, անընդունելի է քաղաքական որոշումներ վերագրել իրավապահ մարմինների եզրակացություններին. «Ես բնականաբար, ես դրան բացասաբար եմ վերաբերվում: Նման բան չի կարող լինել եւ տեղի չի ունենա»:

Նա հավելեց, որ խմբակցությունում իրավապահ մարմինների աշխատանքի հետ կապված քննարկում չեն ունեցել:

«Սխալ է ժամանակավոր հանձնաժողովի կարգավիճակով կամ տեսքով քննել խնդիրը, եւ մեզ համար առաջնային է հնարավորինս շուտ ունենալ մշտական էթիկայի հանձնաժողով, որպեսզի նման հարցերը որեւէ կերպ քաղաքական որոշման հետեւանք չլինեն, այլ իրենք միանգամից բոլոր նմանատիպ հարցերը՝ դա կվերաբերի ԲՀԿ-ին, թե «Լուսավոր Հայաստան», թե «Իմ քայլը» խմբակցություններին, հենց միանգամից էթիկայի հանձնաժողովը քննի»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Հարցին, թե արդյոք թեման փակվա՞ծ է եւ ԱԺ-ում Ծառուկյանին չե՞ն հիշեցնելու, որ ինքը գործարար է կամ օլիգարխ, Մակունցը պատասխանեց. «Օլիգարխի հետ կապված բավականին մանրամասնել ենք այս թեման, թե կառավարության կողմից է հնչել արձագանք, թե վարչապետն է ասել, թե օրենսդիր մարմինը: Մենք ասել ենք, որ չկա փոքրամասնության կողմից ճնշում փոքրամասնության վրա: Խոշոր ձեռնարկատեր լինելու հետ կապված որեւէ մեկը բացասական կարծիք չի հայտնել, կամ չի ասել, որ Գագիկ Ծառուկյանը խոշոր ձեռնարկատեր չէ: Մենք խոսել ենք օլիգարխիայի մասին, թե արդյոք իշխանության վրա լծակներ կարող են ունենալ, թե ոչ: Այս առումով՝ ոչ: Մնացածը դիտարկում ենք իրավական ու օրենսդրական դաշտում»: