Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 17-ին գյուղատնտեսության նախարարի, շրջանների վարչակազմերի ղեկավարների եւ «Գյուղի եւ գյուղատնտեսության հիմնադրամի» տնօրենի մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա բերքահավաքի աշխատանքների կազմակերպման աշխատանքներին:

Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը կարեւորել է գյուղացիներին սահմանված ժամկետում մթերման գործընթացի մասին տեղեկացնելու, ինչպես նաեւ անկորուստ բերքահավաք կազմակերպելու հարցերը: «Պետք է հողօգտագործողների համար ապահովենք առավելագույն հնարավորություններ, որպեսզի իրացման եւ մթերման համար խոչընդոտներ չլինեն, եւ գործընթացը կազմակերպվի հնարավորինս ընդունելի գներով»,- ասել է Գ․ Մարտիրոսյանը:

Խորհրդակցության ընթացքում գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը ներկայացրել է հացահատիկային դաշտերի իրավիճակի, հունձի նախապատրաստական աշխատանքների ընթացքի եւ գյուղատնտեսական տեխնիկայի՝ առկա եւ անհրաժեշտ քանակի մասին տեղեկություններ:

Խոսելով բերքահավաքի գործընթացի կազմակերպման մասին՝ Գ. Մարտիրոսյանը  բոլոր վարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է նախնական տեղեկություններ հավաքագրել սպասվող բերքի ծավալների եւ բերքատվության վերաբերյալ, իսկ գյուղատնտեսության նախարարին ու «Գյուղի եւ գյուղատնտեսության հիմնադրամի» տնօրենին՝ սահմանված  ժամկետում ուսումնասիրել հացահատիկային մշակաբույսերի շուկայական գինը եւ առաջարկություններ ներկայացնել մթերման գների վերաբերյալ:

Գ. Մարտիրոսյանը «Գյուղի եւ գյուղատնտեսության հիմնադրամի» տնօրենին հանձնարարել է, որ մթերում եւ բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ բանակցություններ տարվեն, որպեսզի այս ուղղությամբ նույնպես  ժամկետների ուշացումներ չլինեն:

Խորհրդակցության ընթացքում պետական նախարարը հանդես է եկել  կարեւոր հայտարարությամ. «Կառավարության համապատասխան որոշմամբ կսահմանվի նոր կարգ, համաձայն որի՝ շրջանների հողօգտագործողները, որոնք ունեն կուտակված վարձավճարների պարտավորություններ եւ որոնց վրա կա հաշվարկված տույժեր եւ տուգանքներ՝ սահմանված ժամկետանց պարտավորությունների մարման դեպքում՝ կազատվեն կուտակված տույժ-տուգանքներից»:

Հանդիպման վերջում մտքեր են փոխանակվել հակահրդեհային պայքարի շրջանակներում հսկողության խստացման, ճանապարհների բարեկարգման եւ այլ հարցերի շուրջ։