Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգները ռազմական ուժ է համախմբում, որը մտածելու տեղիք է տալիս։Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ խոսելով Իրան–Միացյալ Նահանգներ հարաբերություններում ստեղծված լարվածության մասին։

«Այսօրվա լարված իրավիճակը պայմանավորված է նրանով, որ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ այն փաստաթղթից (Իրանի միջուկային համաձայնագրից), որի շուրջ 10 տարի բանակցել էին, բացի այդ մենք տեսանք, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ուժ է համախմբում, որը մտածելու տեղիք է տալիս»,–նշեց նա։

Իրանագետը շեշտում է՝ լարվածությունն Իրանի հետ հարաբերություններում, որպես կանոն, ուժգնանում է, երբ Միացյալ Նահանգներում իշխանության են գալիս Հանրապետականները. «Դեմոկրատների շրջանում ավելի մեղմացում ենք նկատում Իրան–Միացյալ նահանգներ հարաբերություններում, բայց դա չի նշանակում, որ այդ խնդիրներն օրակարգային չեն լինում, կամ լարվածությունն ավելի թույլ են լինում, խնդիրները պարզապես այլ երանգներ են ստանում»։

Խոսելով հնարավոր ռազմական գործողությունների մասին՝ նա նկատեց՝ ԱՄՆ նախագահին այս պահին ձեռնտու չէ ռազմական գործողություններ սկսել. «Նա նախընտրական փուլում է։ Մեկ տարի անց Միացյալ Նահանգներում նախագական ընտրություններ են լինելու եւ եթե նա այսօր ռազմական գործողություններ սկսի, չգիտենք՝ ինչ զարգացումներ կլինեն, անկանխատեսելի իրավիճակ կլինի, որը ձեռք չի տալիս նախագահի հավանական թեկնածու Դոնալդ Թրամփին։ Հնարավոր է՝ փոքր խնդիրներ լինեն, սակայն ռազմական գործողությունների դեպքում մարդկային զոհերը չեն ներվի Թրամփին։ Այս հաշվարկը ունենալով, կարծում եմ, ԱՄՆ–ն կտրուկ գործողությունների չի գնա»։

Գոհար Իսկանդարյանի կարծիքով՝ սա Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար է արվում՝ նրան բանակցությունների սեղանի մոտ բերելու նպատակով. «Թրամփը բազմիցս հայտարարել է, որ նախորդ պայմանավորվածությունը չի բխում ԱՄՆ–ի ազգային շահերից, եւ պահանջում էր չեղյալ հայտարարել այդ համաձայնագիրը եւ նոր բանակցություններ սկսել»։

Իրանագետն ընդգծում է՝ վստահության բացակայություն է, որը Իրանին թույլ չի տալիս գնալ բանակցությունների. «Իրանը հայտարարում է, որ 10 տարի բանակցել ենք եւ որոշակի պայմանավորվածության եկել, որը մի նախագահի պատճառով միակողմանիորեն ոչնչացվել է, իսկ նոր համաձայնության գալու համար նոր բանակցություններ են պետք, սակայն մենք չունենք այն երաշխիքը, որ այդ բանակցությունները դրական արդյունքներ կտան։ Այսինքն՝ վստահության բացակայություն է, որը Իրանին թույլ չի տալիս բանակցությունների գնալ»։ Նրա գնահատմամբ՝ Իրանին եւս ձեռնտու չէ լայնածավալ ռազմական գործողությունները. «Իրանի Իսլամական Հանրապետություն էլ ոչ տնտեսական առումով եւ ոչ ռազմական առումով հազիվ թե պատերազմի գնա, նրան ձեռնտու չէ պատերազմի գնալը, այլ հարց է՝ եթե սադրանքներ լինեն, որը հնարավոր է բարդեն ԻԻՀ–ի վրա»։

Գոհար Իսկանդարյանը շեշտեց՝ Իրան–Միացյալ Նահանգներ հարաբերություններում լուրջ զարգացումները չի բխում Հայաստանի շահերից, սակայն Հայաստանը չպետք է փոխի իր չեզոք դիրքորոշումը. «Իրանի եւ ԱՄՆ–ի լարված հարաբերությունները որեւէ կերպ չպետք է ազդեն ո՛չ հայ–իրանական, ո՛չ հայ–ամերիկյան հարաբերությունների վրա։ Այլ հարց է, որ պետք է հնարավորության դեպքում փորձենք մեղմել իրավիճակը, քանի որ սրացման դեպքում մեզ համար է ծանր իրավիճակ ստեղծվելու, որովհետեւ մեր սահմանի երկայնքով լինելու է լարված իրավիճակ, որը չի բխում ՀՀ–ի շահերից»։

Իրանագետը, սակայն, չի կարծում, որ ԱՄՆ–ի կողմից ճնշումներ լինեն Հայաստանի վրա. «ԱՄՆ–ում շատ լավ հասկանում են, որ ՀՀ–ն ծանր վիճակում է գտնվում, քանի որ ունենք 4 հարեւան, որից 2-ի հետ սահմանները փակ են, եթե փակվի Իրանի հետ սահմանը, մենք մնում ենք Վրաստանի հույսին, ինչը բարդ իրավիճակ է ստեղծելու մեզ համար»։

 Նշենք, որ ԱՄՆ-ն ավիակիրներ եւ ռմբակոծիչներ էր ուղարկել Պարսից ծոց եւ հետ կանչել Իրաքից իր դիվանագիտական անձնակազմին։ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն Իրանին բազմիցս նախազգուշացրել է ցանկացած սադրանքի դեպքում պատասխանելու մասին: Հավելենք, որ Պենտագոնը Թրամփին էր ներկայացրել Մերձավոր Արեւելք 120 հազար զինծառայող ուղարկելու ծրագիրը, այն դեպքում, եթե Իրանը հարձակում գործի ամերիկյան զորքերի վրա կամ արագացնի միջուկային զենքի շուրջ իր աշխատանքը: