«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել։  Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Նարեկ Ալոյանը։

«ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ: Տվյալ դեպքում, վարույթը իրականացնող մարմինը, որպես զենք օգտագործվող առարկա է գնահատել ջրի շիշը: Բացի այդ, քննիչի կողմից որոշում է կայացվել խափանման միջոց կալանավորումը Արմեն Թավադյանի նկատմամբ կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան: Քննությունը կլինի կամ այսօր ուշ գիշերը կամ վաղը»,– հայտնեց Նարեկ Ալոյանը:

Փաստաբանը շեշտեց՝ իրենց խորին համոզմամբ՝ սա քաղաքական հետապնդում է.  «Նման համոզմունքի համար հիմք ենք հանդիսանում մի շարք հանգամանքներ: Առաջին, կհիշեք, որ ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանը քննչական մարմին հրավիրվեց վկայի կարգավիճակով, եւ վկայի կարգավիճակում գտնվելով՝ քննչական մարմնում նրան անմիջապես մեղադրանք առաջադրվեց: Եվ ահա ամիսներ անց, վկայի կարգավիճակով Արմեն Թավադյանը հրավիրվում է քննչական բաժին, եւ որպես վկա նրա հետ որեւէ գործողություն չի կատարվում, անմիջապես առաջադրվում է մեղադրանք։ Արմեն Թավադյանը անձ է, ով բացահայտ կերպով աջակցում է Ռոբերտ Քոչարյանին, եւ քննչական մարմնի կողմից նույն գործելաոճով անձին՝ վկայի կարգավիճակով հրավիրելը եւ անմիջապես մեղադրանք առաջադրելը, հատկապես Ռոբերտ Քոչարյանի դատավարության այս փուլում, մեր ընկալմամբ՝ խոսում է քաղաքական հետապնդման մասին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն փաստաբանի հետ գտնվում է Երեւան քաղաքի քննչական վարչությունում՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին շշով հարվածելու միջադեպի հետ կապված։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ընթացքում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ էր տեղի ունեցել։ Վարդգես Գասպարիի պնդմամբ՝ իրեն շշով հարվածել են, ինչի հետեւանքով կապտուկ է առաջացել։

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ միջադեպից հետո ոստիկանության բաժնում են եղել ընդհանուր հինգ քաղաքացի, նրանցից  3-ը՝ բերման ենթարկված,իսկ երկուսը հրավիրվածի կարգավիճակ են ունեցել: Նրանց թվում է եղել Արմեն Թավադյանը։ Արմեն Թավադյանը, սակայն, պնդում է, որ ինքը չի հարվածել Վարդգես Գասպարիին։