Պեկինում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարար Չըն Բաոշընի հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման սկզբում նախարար Չընը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՉԺՀ կառավարության կազմակերպած «Արհեստական բանականություն եւ կրթություն» միջազգային համաժողովին մասնակցելու եւ նոր ձեւաչափի հիմնադիրներից դառնալու համար։ Չընի խոսքով՝ Հայաստանի եւ Չինաստանի հարաբերություններն այս ոլորտում դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դինամիկ զարգացում են ունեցել։

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով համաժողովին հրավիրելու եւ բարձր մակարդակի ընդունելության արժանացնելու համար, ընդգծել է այն հսկայական առաջընթացը, որը Չինաստանն արձանագրել է կրթության ոլորտում արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման առումով։ Ըստ նախարար Հարությունյանի՝ հայ-չինական հարաբերությունները ներկայում լուրջ ներուժ ունեն։ Նա գոհունակություն է հայտնել Երեւանում Հայ-չինական բարեկամության դպրոցի հիմնադրման վերաբերյալ: Անդրադառնալով Հայաստանում չինական մշակույթի եւ կրթության հանրահռչակման հարցում Կոնֆուցիուսի ինստիտուտի դերակատարմանը` նախարարը կարեւորել է չինական կողմի պատրաստակամությունն ինստիտուտի հնարավորությունների ընդլայնման հետ կապված:

Նախարար Չընն առաջարկել է համագործակցել արհեստական բանականության ուսումնասիրությունների հարցում՝ ընդգծելով չինական կողմի պատրաստակամությունն աջակցելու տեխնոլոգիաների զարգացման գործում։

Երկու նախարարները քննարկել են նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՉԺՀ ղեկավարության հանդիպման ընթացքում արծարծված Հայաստանում չինարենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ընդլայնման հնարավորությունը: Այդ համատեքստում նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է իրականացնել փորձնական ծրագիր: Նախարար Չընն իր հերթին Չինաստանի Կրթության նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել առաջարկվող ծրագրին աջակցել Հայաստանի մասնագետների գործուղման եւ վերապատրաստումների հարցում։

Քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Չինաստանի տեխնոլոգիական եւ բժշկական համալսարանների համագործակցության հարցը։