National Action արգելված կազմակերպությունից բրիտանացի նեոնացիստը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղադրվելով Համայնքների պալատի անդամ, լեյբորիստ Ռոզի Կուպերի սպանության նպատակով դավադրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Independent-ին:

Ավելի վաղ Լոնդոնի կենտրոնական քրեական դատարանը հրապարակել էր դատավճիռը կազմակերպության առաջնորդ, 32-ամյա Քրիսթոֆեր Լիտգոյի եւ նրա 24-ամյա կողմակից Մեթյու Հանքինսոնի նկատմամբ: Դրանք մեղավոր էին ճանաչվել արգելված ծայրահեղական կազմակերպությանը անդամակցելու համար: Լիտգոն ազատազրկվել էր ութ տարի ժամկետով, իսկ Հանքինսոնը՝ վեց տարի:

Լոնդոնի Օլդ-Բեյլի կենտրոնական քրեական դատարանը դատապարտել է 23-ամյա Ջեք Ռենշոուին ցմահ ազատազրկման նվազագույնը 20 տարվա պատիժ կրելու ժամկետով:

National Action-ի առաջնորդը բերման էր ենթարկվել դավադրության մասին գործի հետաքննության շրջանակներում: Խուզարկության ժամանակ Լիտգոյի մոտ հայտնաբերվել էր 50 սմ երկարությամբ դանակ: Դավադրությունը բացահայտվել էր տեղեկատվությունը տրամադրած աղբյուրի միջոցով, որը 2017 թվականի հուլիսին կիսվել էր իր ունեցած տեղեկություններով իրավապաշտպան կազմակերպություններից մեկի հետ: Հետաքննության տվյալներով՝ Լիտգոն հաստատել էր Կուպերի սպանությունը Ռենշոուի հետ զրույցում: Ավելի վաղ Ռենշոուն մեղավոր էր ճանաչվել ահաբեկություն նախապարաստելու եւ ոստիկանության սպանության համար դավադրության մեջ: Սակայն ատենակալները չեն համարել Լիտգոյին մեղավոր Կուպերի վրա մահափորձ նախապատրաստելու առումով՝ ուժի մեջ թողնելով միայն արգելված կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքը:

2018 թվականի ձմռանը բրիտանական ոստիկանությունն իրականացրել է National Action-ի անդամների զանգվածային ձերբակալություններ ամբողջ երկրի տարածքում: Վերջին ձերբակալությունները տեղի են ունեցել հունվարին. հինգ տղամարդկանց առաջադրվել է մեղադրանք ահաբեկչություններ նախապատրաստելու եւ հրահրելու համար: National Action-ը նեոնացիստական երիտասարդական կազմակերպություն է, որը 2016 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է Մեծ Բրիտանիայում արգելված կազմակերպությունների ցանկում, երբ սատարել է Համայնքների պալատի անդամ Ջո Կոքսի սպանությունը: