Ուրբաթ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան ձգտում է կատարել իր բոլոր պարտավորությունները ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում այնպես, ինչպես ամերիկյան F-35 հինգերորդ սերնդի կործանիչների գնման իրավիճակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Anadolu-ին:

«Թուրքիան ձգտում է լիարժեք կատարել իր պարտավորություններն ինչպես Ս-400-ի, այնպես էլ F-35-ի պարագայում»,-ընդգծել է ռազմական կառույցի ղեկավարը Մալաթիայում ավիաբազա այցելությունից հետո, որտեղ, ինչպես ակնկալվում է, կտեղակայվեն ամերիկյան կործանիչները:

Մինչեռ ուրբաթ ավելի վաղ Ստամբուլում տեղի էր ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ Ֆեդերացիայի խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը: Վերջինիս խոսքով՝ Թուրքիայի առաջնորդը հավաստիացրել էր, որ Անկարան կկատարի ՌԴ-ից Ս-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռքբերելու վերաբերյալ պայմանագիրը՝ չնայած հանրապետության վրա աննախադեպ ճնշմանը:

Ս-400-ի մատակարարման շուրջ ՌԴ-ի եւ Թուրքիայի բանակցությունների մասին առաջին հաղորդագրություններն ի հայտ էին եկել 2016 թվականի նոյեմբերին: Պայմանագրի կնքման փաստը հաստատվել էր Ռուսաստանի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 12-ին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Ս-400-ի տեղակայումն ու գործադրումը կսկսվի 2019 թվականի հոկտեմբերին: Ինչպես հաղորդել էր «Ռոստեխ» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Չեմեզովը 2017 թվականի դեկտեմբերին, Անկարային Ս-400 համակարգեր մատակարարելու արժեքը կկազմի 2.5 մլրդ դոլար: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին պետությունն է, որը կստանա Ռուսաստանից այդ դասի զենիթային համակարգերը:

ԱՄՆ-ը ձեռնարկում է ակտիվ փորձեր Թուրքիայի կողմից Ս-400 համակարգերի գնումը խոչընդոտելու համար: Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել էր Անկարային, որ սպառազինման այդ համակարգերի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ը կարող է մերժել Թուրքիային F-35 ինքնաթիռների վաճառքի հարցում: Ս-400 «Տրիումֆ»-3ՌՍ-ը մեծ եւ միջին հեռավորության զենիթահրթիռային համակարգ է, որը նախատեսված է ավիացիայի, ինչպես նաեւ բալիստիկ հրթիռների ոչնչացման համար: Ս-400-ը կարող է կիրառվել նաեւ երկրային օբյեկտների դեմ: