Կամբոջայի Գիտությունների ակադեմիայի Արվեստի եւ մշակույթի ինստիտուտի հնագետները հայտնաբերել են երկրի արեւելքում՝ Կրատյեհ նահանգում, VI-IX դարերի ավելի քան 100 հնագույն հնդուական տաճարներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Phnom Penh Post-ին:

Հայտնաբերված 100 տաճարներից եւ ոչ մեկն ավելի վաղ հայտնի չէր, ասվում է հաղորդագրության մեջ. ոչ XX դարի սկզբում ֆրանսիական հնագիտական արշավախումբը, ոչ ավելի ուշ ժամանակաշրջանի կամբոջական ուսումնասիրությունները չեն գրանցել այդ գտածոներն այդ վայրերում, որոնք հիմնականում Չենլա կայսրության ժամանակաշրջանի կառույցներ են:

 «1902-1911 թթ. Ֆրանսիացիները հայտնաբերել էին այդ վայրերում ավելի քան 10 հնագույն տաճարների փլատակները: Նահանգի մշակույթի բաժնի արշավախումբն այնուհետեւ հայտնաբերել էր եւս 50 տաճարների մնացորդները: Իսկ մեզ հաջողվել է գտնել այստեղ 100 հնագույն տաճարներ»,-պարբերականին հայտնել է Ինստիտուտի փոխտնօրեն եւ հնագիտական արշավախմբի ղեկավար Թհոի Չանթհունը: Նա հավելել է, որ հայտնաբերված տաճարները նվիրված են բրահմայական եւ հնդուական աստվածներին, քանի որ Չենլա կայսրության ժամանակաշրջանում գերիշխող կրոնը վաղ հինդուիզմն էր: Արշավախմբի ղեկավարը հայտնել է թերթին, որ Ինստիտուտը մշակում է ծրագիր հայտնաբերված հնագիտական հուշարձաններից յուրաքանչյուրն ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու ուղղությամբ, որը կիրագործվի մի քանի տարիների ընթացքում:

Չենլա պետությունն իր ծաղկման ժամանակ զբաղեցրել է ժամանակակից Կամբոջայի, Լաոսի, Թաիլանդի եւ Վիետնամի զգալի տարածքները: Մ.թ. IX դարում Չենլան գրավվել էր Անգքոր կայսրության կողմից, որը գոյություն ուներ մինչեւ XIV դարը եւ իր փլուզումից հետո սկիզբ էր տվել նոր ինքնուրույն պետությունների զարգացմանն, որոնք ձեւավորվել էին այդ տարածքում:

Հենց Չենլայի թագավորներն էին Հարավ-Արեւելյան Ասիայի պատմության մեջ առաջին անգամ ընդունել եւ տարածել իրենց կալվածքներում միապետ-կուռքի հին հնդկական հայեցակարգը, հնդուական Վիշնու աստծո եւ նրա երկրային ավատար Ռամայի մարմնացումը, որն այնուհետեւ դարձել էր Անգքորի հիմնական գաղափարախոսությունն ու հասել մինչեւ մեր օրերը Հարավ-Արեւելյան Ասիայի հետանգքորյան միապետությունների թագավորական ծիսակարգերում՝ Կամբոջայում, Սիամեում, որը ներկայիս Թաիլանդն է, եւ Լաոսում, որն ուներ թագավորության կարգավիճակ մինչեւ 1975 թվականը: