Միացյալ Նահանգները համաձայնվել են 48 ժամերի ընթացքում չեղարկել ավելի վաղ Կանադայից ու Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի մատակարարման համար սահմանված մաքսատուրքերը՝ փոխարինելով դրանք Մեխիկոյի եւ Օտավայի կողմից նոր կոշտ միջոցներով, որոնք ուղղված են դեպի ԱՄՆ հարեւան երկրներից չինական պողպատի ներկրումը կանխարգելելուն, հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Նրանց տվյալներով՝ կողմերի պայմանավորվածությունները թույլ կտան խուսափել Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի ու ալյումինի քվոտաներից, որոնց դեմ էին այդ երկրների իշխանությունները:

 «Մենք կնքել ենք գործարք. հրաշալի օր է»,- Politico թերթը մեջբերում է Սպիտակ տան իր աղբյուրի խոսքերը: Նա հաստատել է, որ մաքսատուրքերը կչեղարկվեն 48 ժամերի ընթացքում: Պարբերականի տեղեկություններով՝ ուրբաթ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են գործարքը հեռախոսազրույցի ժամանակ: Politico-ն ընդգծում է, որ Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծվող պողպատի ու ալյումինի մաքսատուրքերն «առանցքային խոչընդոտ» էին երկրների օրենսդիր մարմինների համար Միացյալ Նահանգների, Մեքսիկայի ու Կանադայի միջեւ առեւտրային համաձայնագիրը վավերացնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

2018 թվականի մարտին ԱՄՆ-ը սահմանել էր պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսատուրքերը՝ հետաձգելով դրանք մի շարք երկրների, այդ թվում՝ Կանադայի համար: Անցյալ տարվա հունիսի 1-ից սահմանափակումներն ուժի մեջ էին մտել Կանադայի, Մեքսիկայի եւ Եվրամիության համար: Թրամփի վարչակազմն այդ ժամանակ հիմնավորել էր կանադական մետաղների համար մաքսատուրք սահմանելու իր որոշումը ազգային անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Ի պատասխան դրան՝ Օտավան սահմանել էր լրացուցիչ մաքսատուրքեր ամերիկյան ապրանքների համար:

2018 թվականի նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել էր USMCA համաձայնագիրը: Այն կոչված էր փոխարինելու 1994 թվականից երեք երկրների միջեւ գործող NAFTA համաձայնագիրը: Այժմ փաստաթուղթը պետք է հաստատվի երեք երկրների խորհրդարանների կողմից: