Երկու աֆղանացիները, որոնք 2018 թվականի սեպտեմբերին Գերմանիայի արեւմուտքում՝  Կյոտեն քաղաքում,  ծեծել են 22-ամյա գերմանացի Մարկուս Բ.-ին, ուրբաթ մայիսի 17-ին Դեսաու Ռոսլաուի քաղաքի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել անզգուշությամբ ծանր վնասվածքներ պատճառելու միջոցով  մահվան հասցնելու մեջ, հաղորդում է DW-ն:

Նրանցից մեկին՝ 19-ամյա տղամարդուն, որը հրել է Մարկուս Բ.-ին կրծքավանդակից, որից հետո նա ընկել է մեջքի վրա եւ անշարժ մնացել, դատարանը 1 տարի եւ 8 ամիս ազատազրկման է դատապարտել:

Նրա 17-ամյա հանցակիցը, որը անգիտակից վիճակում պառկած զոհին ոտքով գլխին հարված է հասցրել, պետք է բանտում 1 տարի եւ 5 ամիս անցկացնի: Հարվածից հետո երիտասարդ տղամարդը, որը սրտի հիվանդություն ուներ,  մի քանի րոպե անց սրտի անսպասելի կանգից մահացել է:

2018 թվականի սեպտեմբերի 8-ին Մարկուս Բ.-ն միջամտել էր երկու աֆղանացիների վեճին այն մասին, թե ումից է հղի ոմն երիտասարդ կինը: Երբ նա վիճողներին հարցրել է, թե ինչ է պատահել, նրանցից մեծը ուժով կրծքավանդակից հրել է նրան:

Դատարանի դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել, սակայն մահացածի ընտանիքը այն «չափազանց մեղմ եւ արդարության հետ ոչ մի կապ չունեցող է անվանել»: