Ոստիկանությունը պարզաբանում է տարածել մայիսի 17-ի կեսգիշերին «Տաշիր» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է.

«Մայիսի 17-ի կեսգիշերին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի եւ Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում միջադեպ էր եղել, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում:

Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը:

Մայիսի 18-ին, ժամը 01։00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ ծառայության ընթացքում, հիշյալ խաչմերուկի մոտ նկատել են ճանապարհի երթեւեկելի հատվածում նստած մի կնոջ։ Մոտեցել եւ փորձել են նրան երթեւեկելի հատվածից դուրս հրավիրել։ Կինն ակնհայտ լինելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել, իսկ ձեռքում պահած կոտրած ապակու բեկորով վնասել է մարմնի տարբեր հատվածները։

Կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել:

Հանգամանքները պարզվում են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 23:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող Տաշիր առեւտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով դաստակի երակները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անձը չպարզված կինը (մոտ 45 տարեկան) վնասել է իրեն՝ կտրելով վիզը: Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: