Գեղարքունիքի մարզում այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում Նորակերտ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Ղուկաս Ս.-ն իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի 29 ՕԼ 299 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի՝ Փոքր Մասրիկ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր վարորդի համագյուղացի, 77-ամյա Ջուլիետա Սարգսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ղուկաս Ս.-ն տեղում առաջին բուժօգնությունն է ստացել Վարդենիսի հիվանդանոցի բժիշկների կողմից, այնուհետև սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն էր։