Երեւանի ընդհանուր իրավասությունների Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը դռնփակ նիստում քննում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ: Տվյալ դեպքում, վարույթը իրականացնող մարմինը, որպես զենք օգտագործվող առարկա է գնահատել ջրի շիշը: Բացի այդ, քննիչի կողմից որոշում է կայացվել խափանման միջոց կալանավորումը Արմեն Թավադյանի նկատմամբ կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը ծանուցում էր ստացել Երեւան քաղաքի քննչական վարչությունից՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին շշով հարվածելու միջադեպի հետ կապված։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ընթացքում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ էր տեղի ունեցել։ Վարդգես Գասպարիի պնդմամբ՝ իրեն շշով հարվածել են, ինչի հետեւանքով կապտուկ է առաջացել։