Իրանում Հայաստանի դեսպանատան մշակութային կցորդ Էդվարդ Խաչատրյանը հայտարարել է  Թեհրանում Հայաստանի մշակույթի շաբաթվա անցկացման մասին`  երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Էդվարդ Խաչատրյանը ԻՌՆԱ-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ երկու կողմերը պայմանավորվել են Իրանում Հայաստանի մշակույթի շաբաթվա անցկացման մասին:

Իրանում Հայաստանի դեսպանատան մշակութային կցորդը իրանա-հայկական «Եվա» ֆիլմն անվանել է  երկու երկրների հաջողված մշակութային փոխգործակցություններից մեկը: Նա նաեւ նշել է Հայաստանում այնպիսի մշակութային միջոցառումների անցկացման մասին, ինչպիսին «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է, որը Հայաստանում անցկացվում է 2004 թվականից:

Իրանցի ռեժիսոր Անահիտ  Աբադի առաջին ֆիլմը Իրանի եւ Հայաստանի համատեղ աշխատանքն է:

Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում  հայ դերասանների մասնակցությամբ: «Եվա»-ն պատմում է 34-ամյա կնոջ կյանքի մասին, որին մեղադրել են ամուսնու սպանության մեջ, եւ նա փախել է՝ դստերը պաշտպանելու համար: 2018 թվականին «Հայկական համայնապատկեր» անվանակարգում լավագույն է ճանաչվել իրանցի ռեժիսոր  Անահիտ  Աբադի «Եվա» ֆիլմը:

Հայ դիվանագետը նշել է, որ ամռանը Թեհրանի եւ Թավրիզ քաղաքներում հայտնի հայ բանաստեղծ Սայաթ Նովայի անունով համերգ կանցկացվի: