Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանն այսօր՝ մայիսի 18-ին որոշեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ խափանման միջոց չկիրառել կալանքը։

Արմեն Թավադյանի փաստաբանը նշեց, որ դատարանը որոշեց իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը մերժել: «Այսինքն Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ: Կալանավորման վերաբերյալ միջնորդությունն անհիմն էր»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ: Տվյալ դեպքում, վարույթը իրականացնող մարմինը, որպես զենք օգտագործվող առարկա է գնահատել ջրի շիշը: Բացի այդ, քննիչի կողմից որոշում է կայացվել խափանման միջոց կալանավորումը Արմեն Թավադյանի նկատմամբ կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն փաստաբանի հետ գտնվում է Երեւան քաղաքի քննչական վարչությունում՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին շշով հարվածելու միջադեպի հետ կապված։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ընթացքում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ էր տեղի ունեցել։ Վարդգես Գասպարիի պնդմամբ՝ իրեն շշով հարվածել են, ինչի հետեւանքով կապտուկ է առաջացել։