2008թ–ի մարտի 1–ին եւ 2–ին տեղի ունեցած սպանություն է, սակայն  պետք է պարզել, թե ով է սպանել, ով է ձգանը սեղմել, ով է հարվածը հասցրել, հետո ասել, թե որ կողմից է հրամանը տրվել, բարիկադների որ կողմից։ Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայ Ալումյանը։

Նրա խոսքով, մի ապրիորի տեսակետ կա, որ բոլոր սպանությունները  կառավարական ուժերի կողմից են կատարվել, որը իրականության հետ ոչ մի աղերս չունեցող վարկած է, որ 11 տարի պտտվում է. «Մի տարուց ավելի է կարելի էր բոլոր հարցերի պատասխանները գտնել։ Մինչեւ հիմա սպանության մասին մեղադրանք որեւէ մեկին չի առաջադրվել։ Հարցը դա է՝ մինչեւ հիմա սպանության մեղավորները գտնված չեն»:

Հայկ Ալումյանը ներկայացրեց, որ Ռոբերտ Քոչարյսնին ասել են, որ ցուցարարների մոտ զենք կա եւ կան կրակոցներ, արդեն մարտի 1–2–ից հետո ընդդիմադիր մամուլը եւ իրավապաշտպանները կասկածի տակ են դրել այդ հանգամանքը. «Քոչարյանը կանչել է  ԱԱԾ պետին՝ Գորիկ Հակոբյանին, որ նա հիմնավորի, նա էլ հիմնավորել է՝ ցուցադրելով տեսանյութեր՝ ցուցարարների կողմից կրակելու հատվածներից։

Այս քրեական գործի առաջին օրերից Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, ո՞ւր են այդ տեսանյութերը, ինձ Գորիկ Հակոբյանը ցույց է տվել։ Այդ տեսանյութերը ԱԱԾ–ում են, եւ ցույց են տալիս, որ չի եղել խաղաղ հավաք՝ այս դրսեւորումներն են եղել, սակայն քննիչն ասել է, որ նման տեսանյութ չկա։ Հետո համացանցում հայտնվեց նման տեսանյութ, ու քննիչն ասաց, որ ինքն էլ ունի այդ տեսանյութից։ Մենք ասում ենք, դա մի տեսանյութը, իսկ մնացածներն ո՞ւր են»,– հարցրեց փաստաբանը։

Հայկ Ալումյանը նաեւ փոխանցեց, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանում ասել է, որ երեք հատոր ԱԱԾ–ում պատրաստված գործը հիմա մեր քրեական գործի մեջ չկա, ԱԱԾ–ն ունեցել է մի շարք նյութեր, որոնց հիման վրա քրեական գործ է  հարուցվել՝ սահմանադրական կարգի տապալման հետ կապված, հիմա, երբ մարտի 2–ին կամ 3–ին ԱԱԾ–ից գործը գնացել է ՀՔԾ, այն եղել է 3 հատոր։

«Հիմա այդ քրեական գործը այս քրեական գործին կցված չի եւ չենք կարող ասել, թե ինչքա՞ն տեսանյութ է եղել, ի՞նչ ցուցմունքներ են եղել, ի՞նչ արձանագրություններ են եղել։ Գորիկ Հակոբյանի տեսանյութերը չգիտենք ուր են»,– ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը։