Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը մայիսի 18-ին նշել է իր սահմանամերձ ջոկատի տարեդարձը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Միջոցառմանը մասնակցել են վարչության աշխատակիցները, ինչպես նաեւ դպրոցականները:

Միջոցառման ծրագրում եղել է կրթական հաստատությունների աշակերտների համար «Զարնիցա» ռազմահայրենասիրական խաղի կազմակերպում, ինչպես նաեւ ռուս սահանապահների ցուցադրական ելույթներ, իրենց ծառայողական շների հետ շնաբանների վարպետություն, սպառազինության ցուցադրություն, որն օգտաագործվում է ՀՀ պետական սահմանի հսկողության համար:  

Մասնավորապես, ներկաներին ցուցադրվել են ՁՀՆ-7 նռնականետ (Ձեռքի հակատանկային նռնականետ, ռուս.՝ РПГ-7, Ручной Противотанковый Гранатомёт), Դրագունովի դիպուկահար հրացան, Կալաշնիկովի ԱԿ-74 ինքնաձիգ, ինչպես նաեւ սահմանախախտների հայտնաբերման ռուսական համակարգեր եւ այլն:

Բացի այդ, դպրոցականների համար Կալաշնիկով ԱԿ-74 ինքնաձիգի քանդման-հավաքման մրցույթ է կազմակերպվել:

Խաղերի մասնակիցներին շնորհակալական հավաստագրեր է հանձնել Լենինականի Կարմիր դրոշի շքանշանակիր սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Մաքսիմ Գուստյակը: 

Նա դպրոցակակններին խաղաղ երկինք է մաղթել եւ վստահեցրել, որ իրենք կապահովեն նրանց արժանապատիվ եւ խաղաղ կյանքը:

Հարկ է նշել, որ երեխաները գոհ են մնացել այցից, քանի որ իրենց հաջողվել է ոչ միայն զենք տեսնել, այլ նաեւ բռնել այն: Սահմանապահներն այդքանով չեն սահմանափակվել. երեխաների համար հրավառության փոխարեն տոնական համազարկ է հնչել, որը ներկաների կողմից ուրախությամբ է ընդունվել: