ՀԱՊԿ երկրները կարող են կոնսենսուսի հասնել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցի շուրջ: Այս մասին ռուս լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հարցը կարող է լուծվել մայիսի 22-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կազմակերպությունը բավականին կայուն է, առաջին հերթին, անդամ երկրների համագործակցության շնորհիվ: Մենք կհասնենք կոնսենսուսի: Չկա որեւէ իրավիճակ, երբ մեր տարաձայնությունները լինեն մի մակարդակի, որը սպառնալիքի տակ կդնի համաձայնության գալու մեր կարողությունը: Կարծում եմ՝ մոտ ժամանակներս դա կապացուցենք»,- գործակալությունը մեջբերում է Զոհրաբ Մնացականյանի խոսքը:

Նա հիշեցրել է, որ Յուրի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչման հարցը կապ ունի միայն Հայաստանի ներքաղաքական հարցերի հետ:

Զոհրաբ Մնացականյանը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք հարցը կլուծվի Բիշքեկի հանդիպման ժամանակ:

«Համաձայնության կհասնենք: Մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը, քիչ մնաց»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը: