ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա հարձակման միջադեպը դատապարտող հայտարարություն է տարածել ՀՅԴ Ֆրանսիայի եւ Արեւմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Այն ինչ տեղի ունեցավ երեկ` Երեւանի Ազատության հրապարակում, ոչ թե հանդուրժողականություն է, որ ամեն քայլափոխի արդեն մեկ տարի է՝ բռնազբոսիկ ձեւով քարոզվում է Հայաստանում, այլ` պարզապես խուժանություն է եւ ատելության հստակ դրսեւորում:

ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանի դեմ կատարված փողոցային արարքը ոչ միայն խստիվ դատապարտում ենք, այլեւ պահանջում ենք իշխանությունից` միջադեպին անմիջապես տալ իրավական գնահատական, եւ իբրեւ թե պատահական թվացող արարքի հետևում կանգնող կազմակերպիչներին բացահայտել ու պատժել ըստ օրենքի: Այլապես, հետագա որեւէ զարգացման ամբողջ պատասխանատուվություը կրելու է գործող իշխանությունը:

Ընկեր Հրանտ Մարգարյանի դեմ ուղղված այս արարքը ուղղված է Դաշնակցության աշխարհասփյուռ բովանդակ ընտանիքի դեմ: Վերջին ամիսներին ու մինչ օրս, հանուն ազգային միասնականության` անտեսել ենք մեր դեմ տարվող կազմակերպված քարոզչական անբարո արշավը, ինչպես նաեւ` փողոցային էժան նկրտումները, սակայն արդեն անցել է ամեն չափ ու սահման, առ այդ այսուհետեւ պիտի չհանդուրժենք նման սին վարքագիծ»։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին,  Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարները հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա եւ վիրավորական արտահայտություններ արել։