Ոստիկանության կինոլոգիական խումբը Երևան քաղաքի Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում իրականացրել է տեղազննում. ռումբ կամ այլ վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները տարհանել էին հանդիսատեսներին և աշխատակիցներին: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացիներին ցուցաբերել էր հոգեբանական աջակցություն: