Խաբարովսկի օդանավակայանում ձերբակալվել է Չինաստանի երկու քաղաքացի, որոնք հափշտակել են շուրջ 2 մլրդ դոլար ֆինանսական բուրգի միջոցով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հաղորդում է Life-ը:

Նրա խոսքով՝ ավելի վաղ 41-ամյա տղամարդն ու 66-ամյա կինը ղեկավարել են հանցախումբը՝ գտնվելով հետախուզման մեջ իրենց հայրենիքում:

«Պրիմորսկի մարզի Ինտերպոլի ազգային բյուրոյի բաժնի նախաձեռնությամբ եւ ՉԺՀ-ի Հանրային անվտանգության նախարարության հետ համագործակցության շրջանակներում Խաբարովսկի օդանավակայանում տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու կասկածյալների Չինաստանի տարածքում բրգանման վաճառք կատարելու համար»,-նշել է Վոլկը:

Ինչպես պարզաբանել է Ռուսաստանի ուժային կառույցի ներկայացուցիչը, ապօրինի գործունեություն իրականացնելու համար Չինաստանի ձերբակալված քաղաքացիները ստեղծել էին առեւտրային կազմակերպություն, որում աշխատում էր ավելի քան 50 հազար մարդ: Ընկերության գործունեության ընթացքում, նախնական հաշվարկներով, տուժել է ավելի քան 1.5 մլն մարդ: