5-րդ ալիքը 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը կհեռացնի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Քիչ առաջ խոսեցի 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ՝ 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցով:

Պայմանավորվածությամբ՝ տեսանյութը կհեռացվի ամբողջությամբ:

Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին համագործակցության համար:

Հ.Գ. Բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին խնդրում եմ երեխաների վերաբերյալ հրապարակումներ անելիս մշտապես ղեկավարվել երեխայի շահերի առաջնահերթությամբ ու ցուցաբերել առավելագույն զգուշություն։

Գրառմանը կցում եմ նաև մեր պատրաստած ուղեցույցը, որն առնչվում է երեխաների հետ կապված թեմաների լուսաբանմանը»,– ասված է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Բաղրամայն գյուղում 13-ամյա աղջիկ է հղիացել, պտուղը մոտ հինգ ամսական է, գյուղում խոսում են, որ անչափահաս աղջկա հետ մի քանի անգամ սեռական հարաբերություններ են ունեցել համագյուղացի եւ համադասարանցի երկու տղա՝ 13 և 14 տարեկան: Աղջիկը պատմել է, որ համադասրանցիները բռնաբարել են իրեն։

Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում: