ԱՄՆ-ում աֆրոամերիկյան ծագման հինգ մերկապարուհիներ կկիսեն 3 մլն դոլարի չափով փոխհատուցումը, որը նրանց վճարել է Միսիսիպի նահանգում գտնվող Danny’s Downtown Cabaret գիշերային ակումբը ռասայական խտրականություն դրսեւորելու համար, հաղորդում է Fox News-ը:

Ակումբի փաստաբան Բիլ Ուոլթերը հայտարարել է, որ նա խնդրել է դաշնային դատավորին կրճատել փոխհատուցման չափը, սակայն եթե դա տեղի չունենա, նա կբողոքարկի որոշումը:

Դատարան հայց էր ներկայացրել Զբաղվածության հավասար հնարավորություններ ապահովելու հանձնաժողովը  (EEOC) մի քանի տարի առաջ, երբ ակումբը կրճատել էր սեւամորթ պարուհիների աշխատաժամերի քանակը եւ սահմանել 25 դոլարի չափով տուգանք յուրաքանչյուր բաց թողնված հերթափոխի համար:

Բացի այդ, մերկապարուհիները բողոքել էին, որ ակումբի մենեջերը վիրավորում էր նրանց ռասայական հողի վրա, իսկ սեփականատերը ստիպում էր նրանց տեղափոխվել իրեն պատկանող մեկ ուրիշ՝ Black Diamonds ակումբ, որտեղ պայմաններն ավելի վատն էին, իսկ վարձատրությունն՝ ավելի ցածր: