Կիրակի Զուգդիդի քաղաքում ընտրությունների ժամանակ մանր խուլիգանության եւ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեղադրանքով Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները բերման են ենթարկել presa.ge ընդդիմադիր կողմնորոշում ունեցող տեղեկատվական գործակալության հիմնադիր Գեորգի Կապանաձեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կառույցի մամուլի ծառայությանը:

Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ իրավապահները բերման են ենթարկել Կապանաձեին, երբ նա իր գործընկերների հետ միասին նկարահանում էր ոստիկանության ավտոմեքենաները, որոնցում գտնվում էին բողոքի ցույցը ցրելու համար նախատեսված սարքերը:

Ներկայումս բերման ենթարկվածը տեղափոխվում է Փոթի քաղաքում ժամանակավոր մեկուսարան, որը գտնվում է Զուգդիդիից 60 կմ հեռավորության վրա, պնդում է Rustavi 2 հեռուստաալիքը: «Միասնությունն ուժ է» ընդդիմադիր միության անդամները, որոնք արդեն ժամանում են Զուգդիդիի ոստիկանության վարչության շենքի մոտ, համարում են, որ ՆԳՆ-ն անում է դա միտումնավոր կերպով եւ ընդդիմությունը մասնատելու համար, որի մի մասը ստիպված կլինի մեկնել Փոթի Կապանաձեին պաշտպանելու համար:

Կիրակի Վրաստանում ընթանում են Զուգդիդիի, Մարնեուլիի, Խուլոյի (Աջարիա), Չիտաուրիի եւ Զեստաֆոնիի (Իմերեթի) քաղաքապետերի արտահերթ ընտրությունները, ինչպես նաեւ Մթացմինդա շրջանից խորհրդարանի պատգամավորի միջանկյալ ընտրությունները:

Զուգդիդիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի տիկին Սանդրա Ռուլովսը: Նրան առաջադրել է «Միասնությունն ուժ է» ընդդիմադիր շարժումը, որի կազմում է նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որի հիմնադիրն ու գաղափարական առաջնորդը հենց Սաակաշվիլին է: Ռուլովսի գլխավոր մրցակիցը ներկայիս իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Գեորգի Շենգելիան է: